Խոսք՝ ուղղված Համա-ՀՄԸՄ-ական 12-րդ խաղերի բացմանը
Սիրելի՛ երիտասարդ հայորդիներ։
Ողջունում եմ այսօր բոլորիս՝ Հայ մարմնակրթական ընդհանուր միության տասներկուերորդ համընդհանուր խաղերի բացման առթիվ, որ տեղի են ունենում մեր բոլորիս նվիրական հայրենիքում։ Ձեզ եմ փոխանցում Վեհափառ Հայրապետի՝ Նորին Սուրբ Օծություն Տեր Տեր Ամենայն Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հայրական օրհնություններն ու բարեողջույնը՝ այս հայրենաշահ միջոցառման բոլոր մասնակիցներին։ Նաև մեր գնահատանքն ու շնորհակալություններն ենք ցանկանում հայտնել միջոցառման կազմակերպիչներին, հովանավորներին և բոլոր աջակիցներին, որոնց շնորհիվ կյանքի են կոչվում նմանատիպ նվիրական ծրագրեր։ Ցանկանում ենք հայտնել, որ Վեհափառ Հայրապետը հուլիսի 29-ին ևս իր հայրական օրհնությունն ու ուղերձը կփոխանցի ձեզ Մայր Աթոռում՝ կատարելով երիտասարդների օրհնության կարգ։
Այս միջոցառումներն ու ծրագրերն են, որ միտված են աշխարհասփյուռ հայության սրտում վառ պահելու հայրենիքի, հայկականության և նախնյաց հետ հոգևոր կապի ճրագը։ Մեր բոլորիս սրբազան պարտքն է՝ ուր էլ որ լինենք, երբեք չմոռանանք, թե ո՞վ ենք, որտեղի՞ց ենք գալիս, և Աստծո օրհնությամբ ո՞ւր ենք գնում։
Այսօր երեք տեղից ջահեր են բերվում՝ վառելու այս գեղեցիկ խաղերին նվիրված կրակը՝ Եռաբլուր, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և Ծիծեռնակաբերդ։
Ձեզ ուղղված իմ պատգամը ևս այս երեք նվիրական ազգային և հոգևոր սրբավայրերի հետ է կապված՝ լրացնելով միջոցառման խորհրդաբանությունը։
Առաջին կրակը, որ պետք է վառ պահենք մեր սրտում, Եռաբլուրի ջահն է։ Այդ ջահը խորհրդաշնում է մեր սերն ու նվիրումը մեր պետականությանը։ Հիրավի, մեր պետությունը անգին արժեքով է ձեռք բերված՝ մեր նահատակ հայրերի, եղբայրների ու որդիների արյան գնով։ Մի քանի ամբողջական հերոսական փաղանգի արյուն ու քրտինք արժեցավ մեզ համար Հայաստանի Հանրապետության անկախության ու ազատության իրավունքը։ Պետություն, որտեղ մենք ապրում ենք ու արարում՝ հանուն մեր անցյալի հիշատակի, ներկայի ազատության և ապագա սերունդների բարօրության հանդեպ պարտականության է։ Թող միշտ վառ մնա Հայաստան պետության հանդեպ ձեր սերն ու նվիրումը՝ վեր ամեն հանգամանքից ու պարագաներից։ Եռաբլուրն է այն ժայռը, հայոց բանակն է այն ամուր ապավենը, որի վրա հիմնված է մեր պետության խաղաղությունը և բարեկեցությունը։
Երկրորդ ջահը գալիս է մեր ազգի հոգևոր կենտրոնից՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ Հոգևոր լույսի ու ջերմության ճառագայթներ է տարածում մեր միածնաէջ Մայր Տաճարը աշխարհի բոլոր անկյուններում ապրող հայորդիների համար։ Եթե պետությունը ազգի մարմինն է, ապա եկեղեցին հոգին է նրա։ Հավիտենական ու եթերային է հավատի ջահը, սակայն ամենից լուսավորն ու ջերմացնողն է նրան ապավինողների սրտերի համար։ Մեր ինքնության, մեր դարավոր ավանդույթների ու մշակույթի լուռ վկան է Էջմիածինը։ Յուրաքանչյուր հայի հոգևոր ծննդավայրն են 1700-ամյա պատերը Մայր Տաճարի։ Հավատարի՛մ եղեք ու սիրեք ձեր Եկեղեցին, հոգևոր կապով մի միասականությո՛ւն դարձեք, որպեսզի աշխարհում ոչ մի բաժանարար միջոց ձեզ չկարողանա հեռացնել միմյանցից ու ձեր հայրենիքից։
Երրորդ կրակը, որ այրում է մեր սրտերն ու հիշեցնում մեզ մեր ով լինելը, Ծիծեռնակաբերդի ջահն է։ Անշուշտ, ողբերգական են մեզ համար Հայոց Ցեղասպանության հետ կապված հուշերը, սակայն դրանք կդառնան մի բթացած ցավ, եթե չապրենք Ծիծեռնակաբերդից առ մեզ եկող պատգամով։ Իսկ պատգամը հետևյալն է․Եղեռնի հետևանքով աշխարհասփյուռ եղած հայերիս համար Ծիծեռնակաբերդը մեր պապերի, մեր բնօրրանի, մեր ընտանիքների սրբության մասին է մեզ հիշեցնում։ Մեզնից շատերը Արևմտյան Հայաստանից գաղթած հայերի զավակներ ու հետնորդներ են։ Եվ Ծիծեռնակաբերդն է, որ մեզ մղում է հավիտենացնելու մեր ընտանիքների սուրբ հիշատակը։ Եղեռնը սոսկ հայի կյանքի հանդեպ ոտնձգություն չէր, այն հայի ինքության և ընտանիքի հանդեպ գերագույն ոճիր էր։ Եվ մենք՝ կենդանի ջահակիրներս մեր նախնիների արդար հիշատակի, պարտավոր ենք ամուր պահել մեր ընտանեկան արժեքները, մեր գենետիկ հիշողությունն ու այն ժառանգությունը, որ ավանդվել է մեզ։
Մայր Եկեղեցին տարիներ առաջ սրբադասել է Մեծ Եղեռնի արդար նահատակներին, ովքեր իրենց կյանքերը դրեցին հավատի ու հայրենյաց զորասեղանին։ Նրանք մեզ համար բարեխոսներ ու ուժականություն շնորհողներ են՝ բնակվող երկնային օթևաններում։ Այդ բերախոսությունն ու երկնային զորակցությունը մեզ պետք է էլ ավելի մղի առ պետության ամրացմանը, առ Եկեղեցին հավատարմությանը։
Սիրելինե՛ր, ամու՛ր եղեք հոգով և մարմնով։ Զորացե՛ք հավատի ու հայրենյաց նվիրումի ոգով, և թող Տեր Աստված իր առատ օրհնությունները բաշխի մեզ բոլորիս, պահպանի Հանրապետությունը Հայաստանի և Արցախի, Եկեղեցին Հայաստանյայց, մեր ընտանիքները և ողջ հայությանը՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի։