Արցախի թեմի առաջնորդի խոսքը Արցախի Հանրապետության հռչակման 33-ամյակին
Սեպտեմբեր 2-ը մեր հավատավոր ժողովրդի հերոսական կամքի ու ազգային միասնականության հանդեպ անհատնում հավատի հաստատված մի վկայություն է։ Արցախի Հանրապետության անկախությունը մեր ժողովրդի ազատության ու խաղաղ երկնքի տակ ապրելու արդար բաղձանքի ամենավառ դրսևորութմներից մեկն է, որն իր արժանի տեղն ունի հայոց հազարամյա պատմության մեջ։
1980-ականների վերջին սկիզբ առած Արցախյան շարժումը, որ միտված էր, խաղաղ կերպով ու հավատարիմ մնալով մարդու իրավունքների միջազգային սկզբունքներին, հասնելու հայկական Արցախի՝ Մայր Հայրենիքին վերամիավորմանը, ցավալիորեն, Ադրբեջանի կողմից արժանացավ բռնությամբ լի արձագանքի։ Սակայն ազգիս նվիրյալ զավակների անկոտրում կամքը թույլ չտվեց, որ մեր ժողովրդի իրավացի պահանջը ճնշվի:
Հանուն մարդու ազատության սուրբ և աստվածաշնորհ գաղափարի, հայ ժողովրդի անձնվեր ջանքերի շնորհիվ ու մեր քաջարի զավակաց արյան գնով ձեռք բերվեց Արցախի այդքան ցանկալի անկախությունը։ Մեր հոգիներում մշտավառ կերպով ներկա է արդար հիշատակը մեր ժողովրդի զավակների, ովքեր հայտնի Ավետարանական դրվագի այրի կնոջ նման իրենց ողջ ունեցածից ազգի ու հավատի զոհասեղանին ընծայաբերեցին ամենաթանկն ու ամենավերջինը՝ կյանքը։
Անցնող 30 տարիների ընթացքում, սակայն, Ադրբեջանը այդպես էլ չհամակերպվեց Արցախի անկախության մտքի հետ։ Եվ ի վերջո, 2020 թվականի լայնամասշտաբ պատերազմը բերեց մեր ժողովրդի համար այդքան ցավալի հանգուցալուծման: Չնայած մեր ժողովրդի՝ հայրենիքը արյան գնով պաշտպանելու ամուր պատրաստակամության և հընթացս 44-օրյա պատերազմի բազմիցս վկայված հերոսական դրվագների, միջազգային հանրության հայացքի ու անգամ այդ հանրության որոշ շրջանակների աջակցության ներքո ոսոխը կոտրեց մի քանի բանակների դեմ միայնակ պայքար մղող հայոց բանակի դիմադրությունը և բռնազավթեց Արցախի Հանրապետության մեծ մասը։
Պատերազմին հաջորդող երկու տարիներին արդեն Ադրբեջանն իրականացրեց իր ցեղասպան քաղաքականության հաջորդ փուլը՝ որ էր Արցախի հայաթափումը։ 2023 թվականի սեպտեմբերի Արցախի ժողովրդի ամբողջական բռնագաղթը հավիտյան կմնա որպես ամոթի խարան քաղաքակիրթ աշխարհի պատմության էջերում, որ աչք փակեցին մի ողջ ժողովրդի ազատ, սեփական հող ու ջրին կառչած ապրելու իրավունքի վրա։ 9-ամսյա սովի մատնված, հոգեբանական և ֆիզիկական անդադար բռնությունների ենթարկվող արցախցի մեր հայորդիները, ցավ ի սիրտ, ի վերջո տեղի տվեցին և պատմության մեջ առաջին անգամ Արցախը մնաց առանց հայերի։
Սիրելիներ, այսուհանդերձ մեզ համար Արցախի հարցը բնավ փակված չէ։ Ազգային բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի պարտականությունն այսօր պետք է լինի Արցախի ժողովրդի՝ Հայաստանում արժանապատիվ կյանքի իրավունքն ապահովելը։ Արցախցի մեր քույրերն ու եղբայրները մեկ վայրկյան իսկ չպետք է իրենց Մայր Հայրենիքում իրենց զգան որպես օտարներ, այլ՝ որպես լիիրավ քաղաքացիներ իրենց Հայրենիքի։
Մեր հորդորն է բոլորիդ՝ պաշտպան կանգնել Արցախի ժողովրդի իրավունքներին, որովհետև ազգովի բռնել արդարության ճանապարհը, նշանակում է հաճություն գտնել նաև Երկնավոր մեր Հոր առջև, ինչպես որ Սաղմոսերգուն է գրում. «Մեղավորների բոլոր եղջյուրները դու պիտի փշրես, և արդարի եղջյուրը պիտի բարձրանա» (Սաղմ. 74։10)։
Մեր ջանքն ու եռանդը պետք է ուղղված լինի այսօր նախևառաջ Արցախի Հանրապետության պետական կառույցների պահպանումը Մայր Հայաստանում։ Այդպիսով, մենք կարող ենք վառ պահել ժողովրդի հույսն ու հավատն առ ապագան, առ բաղձալի վերադարձը։ Այսօր Ադրբեջանը շարունակում է Արցախում հայկական հետքը հետևողականորեն վերացնել. ոչնչացվում են դարավոր մեր վանքերն ու եկեղեցիները, պղծվում են գերեզմանատները, աշխարհին են մատուցվում Աղվանական եկեղեցու մասին կեղծ ու հակագիտական հայեցակարգեր։ Եվ միայն ապագայում Արցախի ժողովրդի՝ իրենց հայրենի տուն վերադարձով է, որ մենք ի վիճակի կլինենք Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությանը տեր և պաշտպան կանգնել՝ թույլ չտալով դրա շարունակական պղծումն ու ոչնչացումը։
Մեր աղոթքն է առ Աստված, որ հայրենիք վերադառնան ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր զավակները, ինչպես նաև Արցախի անկախ Հանրապետության խորհրդանիշեր հանդիսացող պետական այրերը։
Արցախը համայն հայության Խաչն է, բայց արդյո՞ք այդ Խաչը մեր ազգի համար կհամարվի հիմարություն, թե՞ Աստծո զորություն: Պատասխանը ամեն մեկս պետք է գտնենք մեր ներսում: Արցախի Խաչը զորություն էր նրանց համար, ովքեր ազատագրեցին այն, և հիմարություն է նրանց համար, ովքեր Արցախը համարում են իրենց համար գլխացավանք, բեռ: Իսկ թե ինչ բախտի են արժանանում հիմարություն համարողները, մենք չէ որ եզրակացնում ենք, այլ Պողոս Առաքյալը: Միթե՞ մենք չենք կարողանում վերագտնել Մեր Խաչի ազգային և աստվածային ներուժը: Մեր Տիրոջ Իսպառ Սերը խորհրդանշող Խաչից զորություն առած՝ մենք էլ միմյանց հանդեպ լցվենք սիրով, հոգատարությամբ և ներողամտությամբ, որպեսզի ազգովի կարողանանք արժանանալ քրիստոնեկան խաչակրության իրական վախճանին՝ հաղթական հարությանը:
Շնորհավորում ենք Արցախի Հանրապետության հռչակման տոնի առթիվ և Շնորհապարգև Սուրբ Հոգուց հայցում ենք և աղոթում, որ ազգովի դառնանք վկան այն մեծ ցնծության, որը արդարության ու փրկության անուն ունի՝ հաղթական վերադարձ Քրիստոսով։
Մեր օրհնությունն ու մաղթանքն ենք հղում ձեզ՝ ի հաջողություն հայրենանվեր ու ազգաշահ բոլոր ձեռնարկումների։