Հոգեգալստյան տոնը նշվեց Ս. Հակոբավանքում

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այս տարի հունիսի 5-ին է նշում Հոգեգալստյան (Պենտեկոստե) տոնը: Այն առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակության տոնն է, որ տեղի է ունեցել Ս. Հարության հիսուներորդ օրը:

Ս. Հոգու գալուստը հիշատակվեց Արցախի թեմի բոլոր եկեղեցիներում։ Այս Սուրբ օրը տոնախմբվեց նաև մեր հայրերից ժառանգած դրախտավայրում՝ Ս. Հակոբավանքում։ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի ձեռամբ Ս. Հակոբավանքում մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ, որին ներկա էին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղի բնակիչները և ուխտավոր մեր քույրերն ու եղբայրները։


Հոգեգալուստի օրը Սուրբ Հոգին հրեղեն լեզուներով լուսավորեց միասիրտ սիրով միավորված աշակերտներին, ովքեր, տարբեր լեզուներով խոսելով, դարձան Աստծո խոսքի թարգմանները ազգերի մեջ և միավորեցին բաժանված ժողովուրդներին Քրիստոսի խաչով: Այսօր էլ հենց այդպիսի միասիրտ ու միաբան կերպով, Հակոբավանք այցելած ուխտավորները աղոթք բարձրացրեցին առ Աստված և իրենց ներկայությամբ վանքի վերածննդի սկիզբն ազդարարեցին։

«Պատահական չէ, որ Հոգեգալստյան տոնին ենք պատարագ մատուցում Արցախը խորհրդանշող կիսաավերված, կիսախոնարհված, Մեծառանից նշանավոր վանքում, որտեղ մեր նախնիները կաթողիկոսական աթոռ են հիմնել, մշակույթ զարգացրել և ամենակարևորը՝ Հայոց աշխարհի խաղաղության և անվտանգության համար աղոթք բարձրացրել առ Աստված։ Ուստի, կարծում եմ՝ Հակոբավանքի վերանորոգման ու վերածննդի սկիզբն ենք ազդարարում այսօրվա տոնական ծեսով»,-իր քարոզում նշեց թեմակալ առաջնորդը։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE