Գործունեություն

2020 թ. նոյեմբեր ամսից ի վեր երեք տարվա ընթացքում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակը ակտիվ գործունեություն է ծավալել Գարեգին վարդապետ Համբարձումյանի գլխավորությամբ։ Սկսյալ 2024 թ. մարտ ամսից, Հայր Գարեգինը ծառայության է անցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակում՝ որպես տնօրեն։ Մենք մեր շնորհակալությունն ենք հայտնում Հայր Գարեգինին՝ կատարված մեծ աշխատանքի համար և մաղթում ենք արդյունավորություն և հաջողություն իր նոր ծառայության մեջ։

Ստորև ներկայացված են մինչ օրս գրասենյակի կողմից և գրասենյակի մասնակցությամբ տեղի ունեցած կարևորագույն ձեռնարկումներն ու միջոցառումները։

  • 2021թ. սեպտեմբերի 9-10-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով հանձնախմբի և գրասենյակի համատեղ ջանքերով Մայր Աթոռում տեղի է ունեցել «Միջազգային կրոնական ազատություն և խաղաղություն» խորագրով համաժողովը, որին մասնակցել են աշխարհի տարբեր ծայրերից ժամանած կրոնական առաջնորդներ, առաջատար գիտնականներ և փորձագետներ՝ ազատության և խաղաղության խնդիրների և մարտահրավերների մասին քննարկումների մասնակցելու, ինչպես նաև՝ ավելի մեծ ուշադրություն հրավիրելու, մասնավորապես, պատերազմների և զինված բախումների ժամանակ համաշխարհային հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանման անհրաժեշտության, դրանց սպառնացող վտանգների վրա, որոնք հաճախ առաջանում են կրոնական և էթնիկ անհանդուրժողականության պատճառով:
  • 2021թ. Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի և Հայկական Բարեգործական Ընդանուր Միության (AGBU) նախաձեռնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժնի կողմից հրատարակվել են «Արցախի հոգևոր-պատմական հուշարձանները» քարտեզի հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակները:
  • 2022թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի նախաձեռնությամբ և ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի հովանավորչությամբ վերահրատարակության է պատրաստվել «Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը» գիրքը:
  • 2022թ. Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով հանձնախմբի ջանքերով ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում կայացել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանությանը նվիրված թվով չորրորդ միջազգային համաժողովը:
  • 2023թ. ապրիլի 28-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում տեղի է ունեցել «Արցախի վտանգված մշակութային ժառանգությունը» խորագրով միջազգային համաժողով, որին մասնակցել և զեկույցով հանդես է եկել Գարեգին վարդապետ Համբարձումյանը: Համաժողովը կազմակերպվել էր Գերմանիայի Կաթողիկե եպիսկոպոսաց ժողովի, Գերմանիայի Ավետարանական եկեղեցու և Գերմանիայի Հայոց թեմի համագործակցությամբ: Ժողովին հրավիրված էին մասնագետներ Հայաստանից, Գերմանիայից և այլ երկրներից:
  • 2023թ. Ռումինիայի Հանրապետության մայրաքաղաք Բուխարեստում տեղի է ունեցել ժողով-քննարկում՝ նվիրված Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պահպանությանը և արցախահայերի առջև ծառացած հումանիտար ծանր իրավիճակին: Ժողով-քննարկումը կազմակերպվել էր Ռումինիայի Կրոնից նախարարության և Ռումինիայի Հայոց թեմի նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցում էին բարձրաստիճան հոգևորականներ, քաղաքական գործիչներ, Ռումինիայի Հայոց թեմի թեմական խորհրդի անդամներ:
  • 2023թ. դեկտեմբերի 11-12-ը Ֆրանսիայի «Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում» (INALCO) տեղի է ունեցել «Շուշին՝ Կովկասի մարգարիտ» խորագրով երկօրյա գիտաժողովը, որը կազմակերպվել էր Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտ» հիմնադրամի և «Հիշատակարան» նախագծի նախաձեռնությամբ: Գիտաժողովին ներկա էին Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Գրիգոր վրդ. Խաչատրյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան տիկին Հասմի Տոլմաջյանը, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեր ուզուլիասը, Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային ինստիտուտի տնօրեն Շարլ Պերսոնազը, հայ և օտարերկրացի գիտնականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ: Գիտաժողովի ընթացքում ներկայացվել են զեկույցներ՝ նվիրված Շուշիի և առհասարակ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության խնդիրներին և ուղենշվեցին այդ ուղղությամբ հայ ու ֆրանսիացի գործիչների համագործակցության ճանապարհները:
  • 2024թ. հունվարի 24-ին Բրյուսելում՝ Եվրոպական Խորհրդարանում, տեղի է ունեցել «Պահպանելով Լեռնային Ղարաբաղի մշակութային և հոգևոր ժառանգությունը» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպվել էր Եվրոխորհրդարանի նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Բելգիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Եվրոմիությունում Հայաստանի ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը և Եվրոխորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը, Եվրոպա Նոստրա մշակութային ժառանգության պահպանության միջազգային հասարակական կազմակերպության գլխավոր քարտուղարը, միջազգային իրավունքի պրոֆեսորներ, Եվրոպական Խորհրդարանի անդամներ, հոգևորականներ և հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ: Ադրբեջանի կողմից հայոց սրբավայրերի թիրախավորման, պատմամշակութային արժեքների ոչնչացման քաղաքականության և այդ ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվելիք քայլերի հրատապության մասին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ, զեկույցով հանդես է եկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի բաժնի վարիչ Հոգեշնորհ Տ. Գարեգին վրդ. Համբարձումյանը:
  • Գրասենյակն իր գործունեության ընթացքում նաև բազմաթիվ հարցազրույցներ է տվել միջազգային և հայաստանյան մամուլին՝ բարձրաձայնելով Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության առջև ծառացած վտանգների մասին։
WP Radio
WP Radio
OFFLINE LIVE