Արմենակավան

Գյուղը գտնվում է ԱՀ հյուսիսարևելյան հատվածում՝ Ասկերանի շրջանում՝ նախկինում՝ Արցախի Խաչեն գավառում: Բնակավայրը տեղաբաշխված է Խաչենի ջրամբարի հարևանությամբ՝ նույնանուն գետի աջափնյակում:

Միջնադարյան ժամանակաշրջանի գյուղի պատմության վերաբերյալ մեզ տեղեկություններ չեն հասել:

Միջին միջնադարից սկսած քոչվոր ցեղերի ճնշումները Արցախի դաշտավայրում ապրող հայկական բնակավայրերի վրա սաստկանում էր: Նմանօրինակ իրավիճակ էր ստեղծվել նաև Խաչենի միջին և ստորին հոսանքում գտնվող բնակավայրերի հայության, այդ թվում Փոքր Ջինլիի՝ ներկայիս Արմենակավանի տարածքում ապրողների համար: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հայությունը ապաստանել էր լեռնաստանում: Այսօր Արմենակավանի շրջակայքում մնացած գյուղատեղիների, գերեզմանոցների, եկեղեցիների հազիվ նշմարվող մնացորդները մեզ դրա մասին են պատմում:

19–րդ դարի վերջերին ու 20–րդ դարի սկզբներին հայկական նախկին բնակավայրում, որի անունը մեզ չի հասել, թաթար մի քանի ընտանիքներ էին ապրում: Գյուղերից մեկը անվանվել էր Ջինլի, իսկ մյուսը՝ Փոքր Ջինլի: Հարևան հայկական գյուղերից անասնագողությունն ու հայ տեղաբնիկների հետ ընդհարումներն անպակաս էին: Նմանօրինակ իրավիճակ պահպանվել էր նաև խորհրդային տարիներին:

Արխիվային փաստաթղթերից մեկում ընթերցում ենք, որ ազգային հողի վրա 1933 թ. Ստեփանակերտի շրջանի Քարագլուխ և Աղդամի շրջանի Ջինլի գյուղերի միջև ընդհարում է եղել։ Ադրբեջանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Փոքր Ջինլին ներառվել էր Աղդամի շրջանի կազմի մեջ: 1993 թ. ԱՀ Պաշտպանության բանակի հարվածների տակ բնակավայրը ազատագրվել է: 2000 թ. սկսվել է փոքր Ջինլիի վերաբնակեցման գործընթացը: Այդտեղ հաստատվել են ՀՀ բնակավայրերից, ԱՀ հարևան գյուղերից ու Ադրբեջանից բռնատեղահանված մի քանի ընտանիքներ: Գյուղը ստացել է Արմենակավան անունը: Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, Խրամորթի միջնակարգ դպրոցի Արմենակավանի մասնաճյուղը: Արմենակավանում 2018 թ. կար 14 տուն, 63 բնակիչ: Նրանց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն էր:

2023 թ․ սեպտեմբերին Արցախի ողջ տարածքի բռնազավթման և արցախահայության բռնատեղահանության արդյունքում բնակավայրը ամբողջությամբ հայաթափվել է։

Վահրամ Բալայան, «Արցախի Հանրապետության բնակավայրերի պատմության ուրվագծեր», Երևան, 2020, էջ 49-50.

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE