Վրթանես Սրբազանի խոսքը Եռաբլուր պանթեոնում
Հարգարժան պետական այրեր, զոհված, անհայտ կորած և գերության մեջ գտնվողների
հարազատներ, սիրելի քույրեր ու եղբայրներ,
սիրո, կարոտի, հիշողության և հավատարմության աստվածադիր զգացումները այսօր վերստին համախմբել են ամենքիս Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ միասնական աղոթքով նվիրագործելու Արցախին նվիրված այս հոյակերտ հուշահամալիրը: Եռաբլուրը, որ կարող ենք կոչել նաև ՔԱՋԵՐԻ ԲԼՈՒՐ, ստեղծվել է Արցախյան գոյապայքարին զուգահեռ՝ երկրավոր վերջին հանգրվան դառնալով հազարավոր մեր հայորդիների համար և ուխտավայր ամբողջ ազգի համար: Հարության հույսով այստեղ հանգստացող մեր նահատակները ամեն օր շշնջում են յուաքանչյուր գիտակից հայի ականջին, որ Հայրենիքը ավելին է, քան միայն տեսանելի իրականությունը, և իրենք այդ տեիլքով են գնացել մարտի դաշտ ու ստեղծել իրենց երազած իրականությունը:
Այսօր իրապես խորհրդավոր ու հուզիչ օր է, նորընծա այս հուշակոթողի առջև վերստին աղոթք է հնչում մեր նահատակների համար, Արցախյան վերջին պատերազմների և չարաբաստիկ պայթունի զոհերի հոգիների հանգստության համար:
Այս խաչքարերը, միայն քար չեն, այլ մեր համազգային ցավի, բայց նաև հպարտության խորհրդանիշն են։ Մեր աղոթքներով քարեղեն այս կոթողները այլևս սրբավայր են, և այսուհետ պետք է դառնան խոկման, համախմբման ու հզորացման իրական սրբություններ: Այդպես է եղել բոլոր ժամանակներում: Մեր նախնիները դարեր շարունակ արարել, կերտել ու պաշտել են հուշակոթող խաչքարերը, նրանց մեջ ներդնելով մեր ժողովրդի հանուն ազատության ու ինքնության, հավատքի ու պայքարի հիշողությունն ու լուսավոր ապագայի երազանքները: Դրանք իրենց վեհ լռության մեջ ամեն ինչ ասում են շատ ավելի ազդեցիկ, քան հազարավոր բառեր։
Թող այս սուրբ վայրը դառնա մեր բոլորիս համախմբման, ազգային հիշողության, աղոթքի ու խոնարհումի տեղ։ Թող սերունդները հաճախ գան այստեղ՝ հասկանալու և համոզվելու համար, որ ազատությունը, անկախությունը, ու առավել ևս պետականությունը ոչ մի ժողովուրդ որպես պարգև երբեք չի ստացել: Այն ձեռք է բերվում միայն ու միայն ազգային միասնությամբ և այսպիսի հերոսների նպատակային ու անձնուրաց պայքարով: Թերևս սա է բոլոր ժամանակների իրողություններով թրծված անքննարկելի ճշմարտությունը:
Ահա այս հաստատուն հավատով է, որ մենք օրհնեցինք և օծեցինք այս խաչքարերը՝ խորհրդավոր կերպով օրհնելով և օծելով ձեռքերն ու ճակատները մեր քաջամարտիկների և խոնարհաբար համբուրեցինք նրանց՝ ինչպես համբուրեցինք այս օծված խաչքարերը: Ինչ էլ որ կառուցվի ի հիշատակ մեր զավակների, քիչ է նրանց կատարածի համեմատ, բայց այս ամենը անհրաժեշտ է մեզ: Ուստի կարծում եմ, որ միայն երկու կարևոր բան կա, որով կարող ենք մխիթարել մեր հերոսներին՝ 1 –ին, երբ աղոթքի ենք կանգնում, անպայման ի սրտե աղոթենք նրանց հոգու համար և 2-րդը՝ ջանանք կառուցել անվտանգ, արժանապատիվ և հզոր պետականություն՝ անբաժան Արցախով: Նրանք, վանելով իրենցից վախը և փոխարենը իրենց ներաշխարհը լցնելով առ հայրենին սիրով ու քաջությամբ, անհնարինը դարձրին հնարավոր, ազատագրեցին, արարեցին ու պայքարեցին հանուն գաղափարի և քաջաբար հերոսացան:
Արցախը, սրբացած տարածք լինելուց բացի նաև կենդանի հոգի է, որ ապրում է յուրաքանչյուր արցախցու և հայի ներսում, ու քանի դեռ այդ հոգին կենդանի է, ուրեմն մեր տեսիլքն էլ պիտի շարունակվի:
Մենք, որպես քրիստոնյաներ, քաջ գիտակցում և հավատում ենք, որ ոչ միայն մենք ենք անհաշտ բոլոր այն անարդարությունների և անօրինություների հետ, որ տեղի են ունեցել Արցախի մեր ժողովրդի հետ, այլև Երկինքն է անհաշտ, և մի օր Աստված պահանջելու է իր փոքրիկ հոտի արդար դատը:
Թող Ամենակարող Աստված զորացնի մեր ժողովրդի զավակներին և վերստին պարգևի իր նահատակների տեսիլքը իրագործելու կամք և կորով:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի, Ամեն: