Միջոցառում նվիրված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տոնին

Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությամբ Արցախի թեմը կազմակերպել էր միջոցառում, որը նվիրված էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման տոնին:

Միջոցառման սկիզբն ազդարարվեց Հայաստանի ու Արցախի պետական օրհներգներով: Այնուհետև հոգևոր հայրերի առաջնորդությամբ հնչեց Տերունական աղոթքը:

Արցախի թեմի գրասենյակի պատասխանատու տիկին Մելանյա Բալայանն իր սրտի խոսքն ասաց ներկաներին` շնորհավորելով բոլորին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման գալիք տոնի առթիվ:

Միջոցառման ընթացքում ելույթով հանդես եկան ԱՀ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող պարոն Գագիկ Բաղունցը, ԱՀ Ազգային ժողովի նախկին նախագահ պարոն Աշոտ Ղուլյանը, ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան պարոն Գեղամ Ստեփանյանը, ԱՀ նախկին Մարդու իրավունքների պաշտպան պարոն Արտակ Բեգլարյանը, Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ պարոն Լեռնիկ Հովհաննիսյանը:

Միջոցառմանը ներկա էր նաև Շուշիի Վարանդա երգչախմբի հիմնադիր պարոն Զաքար Քեշիշյանը, ով իր ելույթի վերջում շվիով նվագեց Արցախի հորովելը, ինչի տպավորության տակ ներկաները մի պահ մտովի տեղափոխվեցին դեպի արցախյան բարձրադիր լեռները:

«Դիզակ Արտ» կենտրոնի սաները ժողովրդական երգերով գեղեցիկ երանգ հաղորդեցին մթնոլորտին:

Միջոցառման վերջում Վրթանես Սրբազանն իր ամփոփիչ խոսքը հնչեցրեց` շնորհակալություն հայտնելով բոլորին ներկա գտնվելու համար: Սրբազան Հայրը հորդորեց միասնական ու անկոտրում լինել, որպեսզի կրկին կարողանանք Արցախում նշել Հանրապետության հռչակման տոնը:


WP Radio
WP Radio
OFFLINE LIVE