Մոսկվայում լույս է տեսել արցախցի գրող Աշոտ Բեգլարյանի հերթական գիրքը

Աշոտ Բեգլարյանի գիրքը

Մոսկվայում, «Դիալոգ» մատենաշարի շրջանակներում, «Կնիժնի միր» հրատարակչությունում լույս է տեսել Աշոտ Բեգլարյանի «Պատերազմի արգանդում» վիպակների և պատմվածքների ժողովածուն, որը հայտնի ստեփանակերտցի գրող-լրագրողի՝ միջազգային մրցույթների դափնեկրի, 13-րդ գիրքն է։

Նշենք, որ սա Աշոտ Բեգլարյանի 2-րդ գիրքն է՝ հրատարակված «Դիալոգ» մատենաշարի շրջանակներում։ 2023 թվականին մատենաշարի երրորդ թողարկմամբ լույս էր տեսել հանրաճանաչ արցախցի հեղինակի «Կորած արևի նարինջը» գիրքը։

Ներկայիս ժողովածուն, որը խորհրդանշականորեն կոչվում է «Պատերազմի արգանդում», ներառում է բացառապես պատերազմական ժամանակաշրջանի ստեղծագործությունները, որոնք ընդգրկում են 1991-1994 թվականների առաջին ղարաբաղյան պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից լայնածավալ զինված հարձակման հետևանքով Արցախի ժողովրդի իրենց հայրենիքից բռնի տեղահանումը, ներառյալ 2016 թվականի 4-օրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմների մասին պատմությունները։

Պատմությունները հիմնված են իրական դեպքերի վրա և բազմակողմանիորեն փոխանցում են պատերազմական ու հետպատերազմական իրավիճակների մթնոլորտը։ Որպես այս բոլոր պատերազմների մասնակից, ականատես և տարեգրող՝ հեղինակը գեղարվեստականորեն ամփոփում է իրադարձությունները՝ կենտրոնանալով պատերազմի հոգեբանական և սոցիալական կողմերի վրա՝ կերտելով տիպիկ կերպարներ։ Նրանք մարտիկներ են, վիրավորներ, գերիներ և պատանդներ, փախստականներ և հասարակ խաղաղ բնակիչներ՝ երեխաներ, կանայք, ծերեր, ովքեր տոկունությամբ կրում են պատերազմական ճակատագրի զրկանքներն ու դժվարությունները։

Աշոտ Բեգլարյանի վիպակներում և պատմվածքներում հստակորեն նկատվում է հաղթահարման գաղափարը՝ հանգամանքների, սեփական թուլության, վախի, ավերածությունների և նույնիսկ մահվան հաղթահարումը։ Ստեղծագործությունների հերոսները պայքարում են ոչ միայն պատերազմի և չարի այլ դրսևորումների դեմ, այլև, թվում է, մարտահրավեր են նետում հենց ճակատագրին։

«Դիալոգ» մատենաշարի հիմնադիրը և «Պատերազմի արգանդում» գրքի հրատարակության հովանավորը Յուրի Լյուդվիգի Նավոյանն է:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE