Հոգեհանգստյան պաշտոն Արցախի մեծ բարեկամի հիշատակին
Դեկտեմբերի 29-ին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում, օրհնությամբ Մայր Եկեղեցու հոգևոր Տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպս. Ժամկոչյանի և հանդիսապետությամբ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպս. Աբրահամյանի, կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ նորոգ վախճանյալ Շվոն Նաշ-Մարշալի: Արարողությունը կազմակրեպվել էր Արցախի 3-րդ նախագահի տիկնոջ՝ Տիկին Քրիստինե Հարությունյանի նախաձեռնությամբ, որ յուրատեսակ հարգանքի ու երախտիքի մի տուրք էր Արցախի օտարազգի նվիրյալի հիշատակին:
Շվոն Նաշ-Մարշալը Նյու Յորքի Մանհեթթենվիլ քոլեջի փիլիսոփայության ֆակուլտետի դեկանն էր, փիլիսոփայության պրոֆեսոր, «Հայրերի մեղքը․ թուրքերի մերժողականությունը և Հայոց ցեղասպանությունը» բեսթսելերի հեղինակ: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո նա կանգնեց Արցախի կրթության համակարգի կողքին, «ՍԻ ԱՅ ԷՆ ԷՖ ԱՐՑԱԽ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ էր և մեծ ներդրում ունեցավ Արցախում «Անտոնիա Արսլան» կրթահամալիրի ստեղծման գործում:
Արարողության ավարտին Վրթանես Սրբազանը իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին և շեշտեց, որ Արցախն ու արցախցին երբեք չեն մոռանում իրենց երախտավորներին, լինի դա նրանց կենդանության օրոք, թե հետմահու: Մենք պետք է մշտապես աղոթենք նաև նրանց համար ովքեր, լինելով այլ ազգի զավակ, համարձակություն են ունենում կանգնել արդարության և քրիստոնեական ճշմարտության կողքին: Հոգեհանգստյանը աղոթակից Անուշավան Սրբազանը հորդորեց ներկաներին ամենուր՝ կլինի եկեղեցում թե առանձնական աղոթքի պահին, հիշել հայ ազգի բոլոր օտարազգի նվիրյալներին և շեշտեց, որ Սուրբ Գիրգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցին միշտ բաց է Արցախցիներին համախմբելու և նրանց միասնական աղոթքի վայր դառնալու համար: