Հարցազրույց` «Հայ զինվոր» թերթին

Մի խումբ հոգևորականների հետ դեռ անցյալ տարվա մարտ ամսից Դադիվանքում իր հոգևոր ծառայությունն իրականացնող Ներսես աբեղա Հարությունյանի հետ մեր այս զրույցը տեղի ունեցավ Սուրբ Ծննդյան նախօրեին՝ հունվարի 5-ին: Պատերազմից հետո թշնամու վերահսկողության տակ անցած Քարվաճառի հայկական հոյակերտ Դադիվանքում ապրող ու արարող մեր հոգևորականների նվիրական այս ծառայության, Սուրբ Ծննդյան խորհրդի և այլ կարևոր թեմաների շուրջ էր մեր զրույցը Դադիվանքի հոգևոր պաշտպանությունն ստանձնած Հայր Սուրբի հետ:

– Դադիվանք գնալն ու գալը այլևս հեշտ չէ, այնպես որ՝ հոգևորականների մշտական կազմ կա այստեղ,- պատմում է Հայր Ներսեսը:- Այստեղ ենք կուսակրոններով ու սարկավագներով, որոնք դեռ չեն ամուսնացել:

– Ինչ-որ հատուկ խորհո՞ւրդ կա դրա մեջ:

– Խորհուրդն այն է, որ կուսակրոնի համար իր ընտանիքը վանքն է: Դե, իսկ մեր երիտասարդ սարկավագներն իրենց հոգևոր փորձառությունն ու սխրանքն են ապրում այստեղ ու միաժամանակ ապացուցում են, որ ցանկացած գործում և ցանկացած տարիքում հնարավոր է օգտակար լինել մեծ գաղափարին:

– Ի՞նչ զգացողություն է այժմ այդտեղ լինելը, Հա՛յր Սուրբ…

– Հենց այս պահին պատուհանից նայում եմ մինչև պատերազմը հայկական եղած գյուղին, որն այժմ ադրբեջանական կողմի վերահսկողության տակ է: Քաղաքացիական անձինք չկան այնտեղ. միայն զինվորականներ են… Կարծում եմ, որ Դադիվանքի մասին խոսելիս մի քիչ պետք է դուրս գանք զգայական ընկալումների մակարդակից, քանի որ այդ մակարդակում ծառայության նման պայմանները, մեղմ ասած, հեշտ չեն: Կղզիացած կենսակերպով, չորս կողմից սեղմված, շատ փոքր տարածություն, որն անգամ քայլելու համար հարմար չէ:

Դադիվանքն ավելի ճիշտ գաղափարական, խորը իմաստային արժեք ունի մեզ համար: Այն Արցախի մանրակերտն է այն իմաստով, որ եթե համբերություն ունենանք, եթե գիտակցենք դրա արժեքը, չլքենք ու ապրենք, դրանով է նա դառնում մերը, ինչպես երկիրն է մերը, քանի դեռ մենք այնտեղ ապրում ենք, չենք լքում այն: Քանի դեռ Դադիվանքի հոգևորականներն այստեղ են ապրում, այստեղ են աղոթում, այն մերն է: Դադիվանքն ինձ համար մեծ ու կարևոր գաղափար է այն իմաստով, որ այն նաև մանրակերտը, խորհրդանիշն է մեր այսօրվա իրականության:

– Դադիվանքում լինելը միշտ էլ հատուկ փորձառություն է. այն իր յուրահատուկ կենսադաշտով միշտ սնում է իր այցելուներին: Ի՞նչ զգացողություն կա այժմ Դադիվանքում, ձեզ հետ խոսո՞ւմ է վանքը, ի՞նչ է ասում:

– Ես մի ամբողջ բանաստեղծական շարք եմ գրել այստեղ՝ «Դադիվանուց ժամագիրք» վերնագրված: Եվ այն գրելու միտքը, զգացողությունը ծնվեց հենց այստեղ գալուս առաջին օրը: Այստեղ ենք եկել 2021 թ. մարտի 7-ին. կիրակի օր էր: Եկանք, և անցակետն անցնելիս Դադիվանքն արդեն սկսեց բանաստեղծական խորհրդանիշերով խոսել ինձ հետ: Իմ այդ շարքում տեղ գտած «Անցակետ» բանաստեղծությունը հենց այդ առաջին օրվա զգացողություններից է ծնվել: Դադիվանքի մասին խոսելիս, հավատացե՛ք, հենց այն կարող եմ ասել, ինչ գրված է այդ շարքում: Շատ հետաքրքիր է, երբեմն այստեղ դրախտում լինելու զգացողություն ես ունենում: Որովհետև քրիստոնյաներիս համար, հատկապես՝ հոգևորականներիս, քրիստոնեական ճշմարտությունները ապրելու առավել ճիշտ տեղ երևի այլևս որևէ տեղ չգտնվի այսօր: Այստեղ այն կատարյալ իրավիճակն է, որտեղ մարդը կհասկանա, որ Երկնքի արքայությունը, իսկ աշխարհիկ լեզվով թարգմանված՝ երջանկությունը մեզնից դուրս չէ, այլ մեր մեջ է: Երբ շրջապատված ես ուղղակի քեզ սպանել ցանկացող թշնամիներով, բայց դու կարողանում ես ստեղծագործելու հրաշքը, աղոթքի երջանկությունն ունենալ քո մեջ, կարողանում ես արթնանալ պարզ, անկեղծ ժպիտով՝ լեցուն թարմ ու գեղեցիկ գաղափարներով ու մտքերով, դա հենց ավետարանական այն ճշմարտությունն է, որ Երկնքի արքայությունը այստեղ կամ այնտեղ չէ, այլ հենց մեր մեջ է: Երբեմն կա նաև ուրիշ զգացողություն, թե որքան փխրուն ու անհուսալի է մարդկանց իմացած խաղաղությունը:

Ի դեպ, առաջիկայում բանաստեղծական մի քանի շարքեր, այդ թվում և՝ «Դադիվանուց ժամագիրքը», պատրաստվում եմ որպես գիրք հրատարակել: Ու քանի որ այս ամենի մեջ Դադիվանքը գերիշխեց, նախատեսել եմ, որ գիրքը կկրի հենց «Դադիվանուց ժամագիրք» անվանումը:

-Հա՛յր Սուրբ, ինչպիսի՞ն են ձեր և խաղաղապահների հարաբերությունները:

– Կարծում եմ, խաղաղապահների մեջ օրենքներ կան, որ որոշակի սահմանափակումներ են ենթադրում հարաբերությունների մեջ, բայց ինչ օրենքներ ու կանոններ էլ լինեն, մենք իրար հետ ենք ապրում, իրար կողքի: Բացի պաշտոնականից, նաև ընկերական, մտերիմ հարաբերություններ են ձևավորվում, փոխադարձ հարգանք կա: Հիմնականում քրիստոնյաներ են: Կան նաև ոչ քրիստոնյաներ, բայց դա բնավ չի խոչընդոտում լավ հարաբերություններին: Նրանց մեջ էլ կան մարդիկ, որոնք հեռու են եղել հավատքից: Բայց ժամանակի ընթացքում, ապրելով այս իրականության մեջ, հետաքրքրվում են այս ամենով: Խաղաղապահներից շատերն են գալիս եկեղեցում աղոթելու:

… Մենք այստեղ կատու էլ ունենք. մի հոյակապ «անձնավորություն է». ես նրան ձագուկ եմ ասում,- քնքշանքի ու ուրախության հնչյուններ են խառնվում Հայր Ներսեսի ձայնին:- Երբ Ձեզ հետ խոսում էի, նա պատուհանից նայում էր ներս: Դրսից ինձ տեսավ, բերկրանք ապրեց, հետո դարձավ, մյուս կողմից եկավ, սկսեց մլավել, բացեցինք դուռը, հիմա կաթ է ուտում:

– Ո՞նց եք գտել նրան, թե՞ նա է ձեզ գտել:

– Տեղաբնակ է: Ճիշտն ասած՝ ես թուլություն ունեմ կատուների հանդեպ: Երբ այստեղ եկանք, նրա մայրը պատրաստվում էր ձագուկներ ունենալ: Այնքան էլ մարդամոտ էր, հավանաբար տեղի բնակիչներից մեկի կատուն էր եղել: Խաղաղապահներին ու մեզ շատ արագ սովորեց: Խաղաղապահները մորը «որդեգրեցին», իսկ ծնված երեք սիրունիկ ձագուկներից մեկն էլ մեզ հետ ընկերացավ:

… Այսօր շատ են մեր կյանքում տխրեցնող, հիասթափեցնող երևույթները: Փաստ է, որ Դադիվանքն այսօր գերության մեջ է: Բայց հենց այս ժամանակաշրջանը, այս իրողությունը մեծ խորհուրդ ունի, Աստծուց ուղարկված մեծ ասելիք: Հիմա պետք է փորձենք հասկանալ դրա իմաստը, փորձենք ըստ այդմ ինքներս մեզ փոխել կյանքի ու առհասարակ ամեն ինչի հանդեպ: Բացի այն, որ պահում ենք ազգային նշանակություն ունեցող մի սուրբ մասունք, այստեղ իսկական վանական կյանք բացվեց Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականի համար: Դադիվանքը նաև մեր քրիստոնեական արժեհամակարգի՝ իսկական վանական կյանքով ապրելու մի գործոն դարձավ: Սա ճգնավորի կյանք է, որ աշխարհից հեռանում է, և …վե՛րջ. աշխարհն արդեն արգելված թեմա է իր համար: Հատկապես կուսակրոնի համար այսպես ապրելը, սա տեսնելը անփոխարինելի փորձառություն է:

– Ձեր կյանքում այդտեղ ինչ-որ հրաշքներ լինո՞ւմ են:

– Ես շատ զգուշավոր եմ այդ թեմայով խոսելիս, քանի որ հրաշապատումը՝ որպես այդպիսին, շատ երկիմաստ կարող է լինել: Իրական հրաշքը մեր մեջ է: Իսկ եթե խոսենք հրաշքի մասին, մի՞թե Աստծո հրաշք չէ, որ պատերազմի սկզբից մինչև մեր այս օրը հայկական այս սուրբ մասունքը շարունակում է հայերեն աղոթել, այն ամբողջ ուժը, ինչո՞ւ չէ, նաև սխրանքը, որ կատարեց մեր Վեհափառը այս վանքը գոնե պահելու համար: Ինձ համար սրանք ավելի խորհրդանշական, կարևոր ու բովանդակալից երևույթներ են, որ արժանի են հրաշք կոչվելու, քան, եթե ասենք, այստեղ տեսիլք տեսնեինք կամ, ասենք, ես հիվանդանայի, մեր սարկավագներն աղոթեին, ու ես լավանայի:

– Հա՛յր Սուրբ, վերջերս ԱՄՆ-ում Ադրբեջանի հյուպատոս Նասիմի Աղաևը Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ թվիթերյան իր էջում հետևյալ գրառումն էր արել: Ուզում եմ կարդալ Ձեզ համար. «Այս Սուրբ Ծննդյան օրը եկեք նայենք հին ադրբեջանական քրիստոնեական ժառանգության այս գեղեցիկ պատկերներին: Քրիստոնեությունը Ադրբեջան է մտել 1-ին դարում՝ պետական կրոն դառնալով 313 թ.: Այսօր հարյուր հազարավոր քրիստոնյաներ Ադրբեջանում ապրում են խաղաղ և ազատորեն հավատում են իրենց կրոնին»: Եվ, որպես իր ծիծաղաշարժ խոսքերի ապացույց, իր էջում տեղադրել էր 9-րդ դարի հայկական Դադիվանքի վանական համալիրի, 10-13-րդ դդ. հայկական Գանձասարի վանական համալիրի, 4-րդ դարի Ծիծեռնավանքի և 12-րդ դարի Սուրբ Եղիշեի եկեղեցիների պատկերները:

– Սրանից ավելի մեծ հրա՞շք, – ասում է Հայր Ներսեսը ծիծաղի միջից:– Նայեք՝ ստիպված ինչերի՜ են դիմում՝ իրենց բնիկ լինելը հաստատելու համար:

… Կապրենք, կտեսնենք: Ես շատ զգույշ եմ Հույսի հետ կապված հարցերի մասին խոսելիս: «Հույս» հասկացությունն ընդհանրապես ինձ միշտ գաղափարապես մի քիչ պայթող ական է հիշեցրել: Այս ամենում ես լավն եմ տեսնում՝ Հույսը, Հավատը և Սերը միասին՝ Աստվածաշնչյան իր բովանդակության մեջ: Այս պատերազմում, այս ճակատամարտերում ես չեմ կարծում, թե մենք պետք է հաղթողի կամ պարտվողի կարգավիճակ ընդունենք: Չէ՛: Գոյություն ունի ապրելու արվեստը: Կունենա՞նք այդ արվեստը, կկատարվի՞ Աստծուն ճիշտ զգալու և Աստվածապաշտությունը մեր ճշմարտությամբ արտահայտելու հրաշքը, ուրեմն՝ հաղթանակներն էլ, նվաճումներն էլ մերը կլինեն: Ամենակարևոր հաղթանակը Հայրենիքն իսկապես սիրելու սխրանքն է: Այս պահին՝ հատկապես պատերազմից հետո, ծանր է այս գյուղում, ծանր է մեր երկրում, բայց, եթե մեր ազգը կարողանա իր գոյաբանական իմաստը գտնել, տեսնել իր երջանկությունը, որը ոչ այնքան նյութական է, որքան գաղափարական և հոգևոր, այդ ժամանակ, պատկերացնում ե՞ք, ինչպիսի Հայրենիք կարող ենք ստեղծել:

– Այսօր Ձեր նշած վերափոխումը շատ մարդկանց մեջ է խմորվում: Դա դրսևորվում է շատ կարևոր նախաձեռնությունների, գործերի մեջ: Հուսանք, որ այն, ինչ եղավ, իրոք դաս կլինի: Եվ այն խորհուրդը, որ կա այս իրավիճակի մեջ, որի մասին խոսեցիք, կդառնա գործ ու կենսակերպ:

– Այո՛, այս «քավարանով» անցնելու ամբողջ իմաստը հենց սա է: Ի՞նչ է Աստված մեզնից ուզում, և ի՞նչ ունենք մենք Աստծուն ապացուցելու:

– Մի փոքր խոսք-ուղերձ հղեք, Հա՛յր Սուրբ, մեր ժողովրդին, մեր ազգին Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Վաղը Սուրբ Ծնունդ է, եւ այսօր երեկոյան Հայոց եկեղեցիներում կսկսեն ղողանջել Քրիստոսի Ծննդյան Ավետիսն ազդարարող զանգերը:

– Որպես ուղերձ, որպես հաղորդագրություն Դադիվանքից… Երբ ինձ հարցնում են՝ ինչպիսի՞ն է Դադիվանքը հիմա, այս պահին, ես պատասխանում եմ՝ Դադիվանքն այսօր գիտական ու ստեղծագործական դրախտ է հոգևորականի համար, որ կարող է գալ ու իսկապես ապրել այդ բերկրանքը, ունենալ ստեղծագործելու կամ գիտական աշխատանք գրելու գերագույն հաճույքը: Ես համոզված եմ, որ մեր Հայրենիքի նկատմամբ էլ պատրաստված է ու սպասվում է այս վերաբերմունքը սեփական երկրի ու նրա առաքելության հանդեպ: Մեր Հայրենիքը մի օր պիտի դառնա գիտական ու ստեղծագործական դրախտ: Մենք ունենք այդ ներուժը:

– Ձեր աղոթքներն այդտեղ հիմա դրա՞ մասին են, Հա՛յր Սուրբ:

– Իմ վերջին բանաստեղծություններից մեկը, որով վերջանում է «Դադիվանուց ժամագիրք» շարքը, ասում է. «Եվ մեր աղոթքները պարզապես մեր երազներն են Աստծո մասին…»: Վանականներն առհասարակ ինչ-որ բան չեն ուզում Աստծուց, ցանկությունների գիրք չեն ներկայացնում: Կարծում եմ՝ բոլոր ժամանակներում էլ մեր վանականն իր աղոթքներով ընդամենը երազում է Աստծո մասին: Մենք էլ ենք երազում Աստծո մասին, առավելապես Աստծո ներկայության մասին մեր շուրջ, մեր երկրում, և, ամենակարևորը՝ մեր մեջ, մեր անձի ներսում: Սուրբ Ծննդյան հրաշքի խորհուրդը, կարծում եմ, հենց սա է. մենք պետք է ձգտենք, որ Աստված վերածնվի մեր մեջ: Աստված մի անգամ ծնվեց մեր աշխարհում, հիմա հերթը մերն է. մենք պետք է վերածնվենք Աստծո մեջ:

ՔՆԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ