Հարցազրույց «Ազատ Արցախ» թերթին
«Ազատ Արցախ» թերթի հարցերին պատասխանում է Ասկերանի սբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Отец Месроп Мкртчянը:
⎯ Տեր Մեսրոպ, թերևս, ամենաշատ վիճարկվող հարցը պետք է Ձեզ ուղղեմ։ Ի տարբերություն ավանդական եկեղեցիների, բողոքականները չեն ընդունում Սրբերի բարեխոսական աղոթքները։ Նրանք համոզված են, որ եթե Աստվածաշնչում ուղղակի խոսք չկա դրա վերաբերյալ, ուրեմն երևույթն անընդունելի է։ Եթե հնարավոր է, Աստծո խոսքով մեր քույրերին ու եղբայրներին ներկայեցրեք այն համարները, որոնք, գուցե ոչ ուղղակի, բայց ցույց կտան բարեխոսական աղոթքների անհրաժեշտությունը։
⎯ Նախևառաջ համարձակվեմ ասել, որ ավանդական եկեղեցիներն ընդունում են և՜ Սուրբ Գիրքը, և՜ Սրբազան Ավանդությունը որպես Աստվածային ճշմարտության արժանահավատ աղբյուրներ։ Այս երկու աղբյուրներն իրենց նշանակությամբ հավասարազոր են, իրար լրացնող, ներշնչված են Սուրբ Հոգով, Ում ներգործությամբ էլ գրվել են։ Դա անհրաժեշտ պայման է բոլոր քրիստոնյաների փրկության համար։
Գալով հարցին, որպես հիմնավորում, աստվածաշնչյան մի քանի օրինակներ բերենք։ Նախևառաջ հիշենք Աբրահամի և Աբիմելեք արքայի պատմությունը։ Այս պատմությունը մեր հավատացյալները կարող են կարդալ Ծննդոց գրքի 20-րդ գլխի 7-րդ համարից։ Այստեղ Աստված ասում է արքային հետևյալը. «Արդ, կնոջը վերադարձրու իր ամուսնուն, որովհետեւ նա մարգարէ է, աղօթք կանի քեզ համար եւ դու կենդանի կը մնաս։ Եթէ չվերադարձնես, իմացիր, որ դու եւ բոլոր նրանք, ովքեր քո իւրայիններն են, կը մեռնէք»։ Ովքեր ծանոթ են այս պատմությանը գիտեն, որ հայր Աբրահամն իր կնոջ հետ Գերարայում բնակություն էր հաստատել։ Այդ երկրի թագավորին՝ Աբիմելեքին Աբրահամն իր կնոջը ներկայացրել էր որպես իր քույր։ Թագավորը նրա կնոջը՝ Սառային կնության է առնում։ Սակայն մինչև նրան մերձենալը Աստված երազի մեջ հայտնվում է Աբիմելեքին ու ասում է, որ այդ կինն ամուսին ունի, չմերձենաս նրան, թե չէ կմեռնես և՜ դու, և՜ քո յուրայինները։ Նաև Աստված ասում է, որ այդ արդարը, որն Իր մարգարեն է, կաղոթի թագավորի համար և նա կապրի։ Սա առաջին օրինակն է սրբերի և արդարների բարեխոսական աղոթքի վերաբերյալ։
Երկրորդ օրինակը կրկին Ծննդոցից է, որը վերաբերում է Սոդոմ-Գոմորի պատմությանը։ Այս պատմությանն ընթերցողները կարող են ծանոթանալ Ծննդոց գրքի 18-րդ գլխի 16-33 համարները կարդալով։ Այստեղ Աստված ասում է. «Մի՞թէ ես իմ ծառայ Աբրահամից գաղտնի պիտի պահեմ այն, ինչ անելու եմ»։ Խոսքն այստեղ Սոդոմ-Գոմորի ճակատագրի մասին է։ Աբրահամն Աստծուն խնդրում է չկործանել այդ քաղաքները հանուն այդտեղ ապրող արդարների։ Եթե կարդաք այս հատվածը, կտեսնեք, որ հավատքի հայր Աբրահամն անընդհատ միջամտում ու բարեխոսում է, որ Աստված չկործանի քաղաքները։ Եվ Աստծո հետ խոսակցության ընթացքում տեսնելով, որ այդ քաղաքում անգամ տասը արդար չկա, Աբրահամը լռում է։ Եվ պատահում է այն, ինչ բոլորը գիտեն. այդ երկու հզոր քաղաքները ավերվում են։ Եվ այդտեղ ապրող միակ արդար ընտանիքը Աբրահամի եղբորորդի Ղովտի ընտանիքն էր, որոնց Աստված Հրեշտակների միջամտությամբ ազատում է այդ պատուհասից։ Այս պատմությունն էլ Սրբերի բարեխոսության անառարկելի օրինակ է։
Հաջորդ օրինակը Հոբի և նրա երեք ընկերների պատմությունն է, որը կարող եք կարդալ Հոբի գրքի 42-րդ գլխի 7-9 համարների մեջ։ Չիմանալով իրողությունը, Հոբի բարեկամները հորդորում են Հոբին տառապանքներից ազատվելու համար զղջալ ու ապաշխարել մեղքերից։ Աստուած ասաց Եղիփազ Թեմնացուն. «Մեղք գործեցիր դու, նաեւ քո երկու բարեկամները, քանի որ իմ առաջ ճշմարիտ բան չասացիք, ինչպէս իմ ծառայ Յոբը։ Բայց հիմա եօթը զուարակ առէք ու եօթը խոյ, գնացէք իմ ծառայ Յոբի մօտ, ու թող նա ողջակէզ անի ձեզ համար, իմ ծառայ Յոբը թող նաեւ աղօթի ձեզ համար, քանի որ, եթէ ես նկատի ունեցած չլինէի նրան, ու նրա համար չլինէր այս, ես արդարեւ կորստի մատնած կը լինէի ձեզ, որովհետեւ իմ ծառայ Յոբի մասին ճշմարիտ բաներ չասացիք»։ Համարը ավարտվում է հետևյալով. «Աստված թողութիւն շնորհեց նրանց մեղքերին յանուն Յոբի»։
Ակներև է՝ այստեղ ևս Սրբի բարեխոսությունն է մեղավորների համար։ Աստված գործում է մարդու հետ միասին՝ հարգելով մարդու, հատկապես Սրբերի ու արդարների կամքը։
⎯ Այս հարցին առնչվող ևս մի անհանգստացնող երևույթ կա. բողոքականները չեն պատվում Մարիամ Աստվածածնին և մյուս Սրբերին։ Կա՞, արդյոք, սթափեցնող խոսք, որով նրանք կկարողանան փոքր-ինչ սկսել մտորել՝ գուցե սխալ ենք։
⎯ Վերոհիշյալ համարները խոսում են նաև այն մասին, թե ինչպես է Աստված վերաբերում Սրբերին ու արդարներին։ Ինչ վերաբերում է Մարիամ Աստվածածնին, կարող ենք հետևյալն ասել. որևէ կրոն, փիլիսոփայական ուսմունք, այնպես չի կարևորել կնոջ դերը մարդկության պատմության մեջ, ինչպես քրիստոնեությունն՝ ի դեմս Աստվածամոր։ Նրա դերը մեծ է փրկչագործության և վախճանաբանության գործում։ Ավելի լավ պատկերացում կազմելու համար կարող եք կարդալ Ղուկասի Ավետարանի 1-ին գլխի 36-59 համարները։ Երբ Մարիամը հանդիպում է Եղիսաբեթին, մանուկը վերջինիս որովայնում սկսում է խաղալ, Եղիսաբեթն էլ լցվելով Սուրբ Հոգով, աղաղակում է. «Օրհնեալ ես դու կանանց մէջ եւ օրհնեալ է քո որովայնի պտուղը։ Որտեղի՞ց ինձ այս ուրախութիւնը, որ իմ Տիրոջ մայրը ինձ մօտ գայ, որովհետեւ ահաւասիկ, երբ քո ողջոյնի ձայնը հասաւ իմ ականջին, մանուկը ցնծալով խաղաց իմ որովայնում։ Եւ երանի նրան, որ կը հաւատայ, թէ Տիրոջ կողմից իրեն ասուածները կը կատարուեն»։ Ուշադրություն դարձրեք, որ այստեղ Աստվածաշունչը Մարիամին կոչում է Տիրամայր։ Իսկ Մարիամն էլ Աստծուն ուղղված իր օրհնաբանության մեջ ասում է. «Եւ ահա, այսուհետեւ բոլոր սերունդները ինձ երանի կը տան, որովհետեւ ամենազօր Աստուած մեծամեծ գործեր արեց ինձ համար, եւ Նրա անունը սուրբ է»։ Այս համարը բավական է, որ հասկանանք, թե ինչպիսինն էր Արարչի մոտեցումն ու գնահատականը Մարիամ Աստվածածնին։ Եվ նրա որովայնը օծելով Սուրբ Հոգով, այն դարձրեց մեր Տիրոջ տաճարը, որից էլ ծնվեց ապագա Փրկիչը։ Այսքանից հետո փորձել նվազեցնել նրա սրբությունն ու մեծությունն անընդունելի կլինի։
⎯ Սովորաբար մենք աղոթում ենք նաև ննջեցյալների համար, հավատալով, որ Տիրոջ ողորմությունն անսահման է, ուստի չենք էլ կասկածում, որ այդ աղոթքները լսվում ու պատասխան են ստանում։ Ի վերջո, մեր եկեղեցին ունի նաև Մեռելոցներ, որոնք հաջորդում են Տաղավար տոներին։ Մեր բողոքական քույրերն ու եղբայրները այստեղ էլ են հակադարձվում՝ ասելով, որ մահից հետո այլևս փրկվել անհնար է։ Իրենց ճշմարտացիության համար վկայում են Տիրոջ պատմած Ղազարոսի և մեծահարուստի առակը, ըստ որի՝ անհնար է դժոխքից անցնել դրախտ, և՝ հակառակը։ Ինչպե՞ս կարող ենք նրանց, եթե ոչ համոզել, ապա գոնե օգնել մտորել, որ Աստծո ողորմությունը սահմանափակել չի կարելի։
⎯ Բերենք Աստվածաշնչյան համարներ։ Քրիստոս բազմիցս աղոթքներով դիմել է Հայր Աստծուն մահացած մարդկանց հարություն տալու համար։ Առաջինը Հայրոսի աղջկա հարությունն էր (Ղուկաս 8։40-56)։ Երկրորդ անգամ Հիսուս Քրիստոսը Նային քաղաքում հարություն է տալիս մի որբևայրու տղայի։ Նույն աղոթքներն անում էին առաքյալները, մասնավորապես Պետրոսը, ինչին կարող եք ծանոթանալ Գործք Առաքելոց գրքի 9-րդ գլխի 36-42 համարներում։ Նա հարություն է տալիս Այծեմնիկին՝ մի բարեպաշտ կնոջ։ Իսկ Պողոսն էլ հարություն է տալիս ոմն Եվտիքոսի, որ քարոզի ժամանակ ննջել էր ու ընկել երրորդ հարկից ու մահացել (Գործք։19։7-12)։
Ուզում եմ մեր ուշադրությունը կենտրոնացնենք բոլորիս հայտնի Ղազարոսի հարության պատմության վրա։ Չորս օրվա մահացած Ղազարոսի համար նախ աղոթում է Հայր Աստծուն, գոհություն մատուցում Նրան և նշում, որ ոչ թե իր համար, այլ ներկա մարդկանց համար է անհրաժեշտ այդ հարությունը։ Եվ Տերը դիմում է հենց Ղազարոսին, ասելով. «Դուրս արի»։
Ե՜վ մեր Տերը, և՜ առաքյալները աղոթում էին Հայր Աստծուն ննջեցյալների համար, որոնց էլ հարություն էր տալիս։ Եթե այս պատմությունները ննջեցյալների համար աղոթք չեն, ապա ի՞նչ են։
Եվ վերջում ուզում եմ մեջբերել մեր Տիրոջ կենարար խոսքը. «Ով ականջ ունի լսելու, թող լսի, թե Հոգին ինչ է ասում իր ծառաներին»։
Մնաք խաղաղությամբ։