Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին

Ապրիլի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» (ԴՀԽ) հասարակական կազմակերպության անդամներին։

Հանդիպմանը ԴՀԽ-ի նախագահ տիար Գուրգեն Մելիքյանը Հայոց Հայրապետին ներկայացրեց կազմակերպության նպատակներն ու ծրագրերը՝ հայցելով Նորին Սրբության օրհնությունը նորաստեղծ խորհրդի արդյունավոր գործունեության համար։

Իր հայրական օրհնությունը բերելով ՀԿ-ի անդամներին՝ Նորին Սրբություն անդրադարձավ հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներին, հայ ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին ու անվտանգային սպառնալիքներին։

Հայոց Հայրապետը կարևորեց հայ դիվանագետների ջանքերը արտաքին գործընթացների մասնագիտական վերլուծության և լուծումներ գտնելու ուղղությամբ՝ ի պաշտպանություն մեր ժողովրդի արդար իրավունքների։

Դիվանագետների համահայկական խորհուրդ

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկացրեց, որ Արցախի թեմը թեմական խորհրդի հետ միասին շարունակում է միջազգային և միջեկեղեցական հարթակներում քայլեր ձեռնարկել՝ ի խնդիր արցախահայերի իրավունքների պաշտպանության և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության։

Զրուցակիցները կարևորությամբ անդրադարձան նաև Հայոց ցեղասպանության ճանաչման, արցախահայերի իրավունքների պաշտպանության և Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձման ուղղությամբ ջանքերի ներդրմանը:

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE