«Արցախյան հրաշապատումներ» գրքի շնորհանդես

Սույն թվականի սեպտեմբերի 25-ին «Թուֆենկյան Ավանդական Երևան» հյուրանոցի համաժողովների դահլիճում տեղի ունեցավ ՀԱՍԵ Արցախի թեմի գրասենյակի և «ԴԻԱԼՈԳ» կազմակերպության հետ համատեղ ծրագրի շրջանակներում իրականացվող Արցախի թեմի մատենաշարի երկրորդ՝ «Արցախյան հրաշապատումներ» խորագրով գրքույկի շնորհանդեսը: Գրքույկի պատրաստման և հրատարակման աշխատանքները իրականացվել են Թուֆենկյան հիմնադրամի և «Save Armenia» կազմակերպության հովանավորությամբ։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ Թուֆենկյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Անդրանիկ Գասպարյանը, ընդգծելով գրքի հրատարակման կարևորությունը՝ որպես Արցախի մշակութային և հոգևոր ինքնության փաստագրական արձանագրում։

Տերունական աղոթքով ու Օրհնության խոսքով հանդես եկավ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ Իր խոսքում Սրբազան Հայրը կարևորեց հավատքի ուժի և պատմական հիշողության պահպանման նշանակությունը՝ հատկապես ներկայիս մարտահրավերների համատեքստում։

Գրքի հրատարակման գաղափարի և այդ ուղղությամբ իրականացված աշխատանքների վերաբերյալ ներկայացրեց Արցախի թեմի գրասենյակի ղեկավար Մելանյա Բալայանը, կարևորելով և ընդգծելով, որ «Արցախյան հրաշապատումներ»-ը ոչ միայն հոգևոր վերապրումի արձանագրություն է, այլև՝ ազգային ինքնության անբաժան մաս։

Ներկաներին ողջունեց նաև «Save Armenia» կազմակերպության տնօրեն Մաթիաս Փերթուլան։

Գրքի ստեղծման հիմնական գաղափարը և նպատակը Արցախում հատկապես վերջին տարիներին տեղի ունեցած հրաշապատումների հավաքագրումն է։ Շնորհանդեսի ընթացքում գրքում ներառված պատմությունների մի շարք հեղինակներ կիսվեցին ներկաների հետ իրենց հետ կատարված հրաշքներով։

Միջոցառման վերջում Մելանյա Բալայանը ամփոփելով հավելեց, որ «Արցախյան հրաշապատումներ» խորագրով գրքույկը՝ իր մեջ ներառած հրաշապատումներով, նույնպես հուշում է մեզ, որ Արցախի հողը միայն պատմություն չէ, այն սրբացած է մեր նախնիների ու մեր կառուցած և աղոթքներով սրբացած քրիստոնեական հարուստ ժառանգությամբ։

Միջոցառումը ավարտվեց միասնական աղոթքով։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE