ՀՕՄ 115-ամյակի միջոցառումներ․ արցախցի 10 ընտանիք ստացան բնակարան

Հայ Օգնության Միության 115-ամյակի միջոցառումների շրջանակում ս.թ. հոկտեմբերի 16-ին Շիրակի մարզի Բենիամին գյուղում կայացել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանամուտի արարողություն: ՀՕՄ-ի կողմից իրականացվող «Հույսի օջախներ» ծրագրի շրջանակներում արցախցի 10 բռնատեղահանված ընտանիքներ ստացել են բնակարան։ Միջոցառմանը մասնակցել են աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած շուրջ 200 ՀՕՄ-ուհիներ։ Միջոցառմանը մասնակցել են նաև ԱՀ նախագահ Աշոտ Դանիելյանը, ՀԱՍԵ Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արթիկի թեմի առաջնորդ Տեր Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, տեղի հոգևոր դասի ներկայացուցիչները և Արցախի թեմի գրասենյակի ղեկավար Մելանյա Բալայանը։

Հայ Օգնության Միության 115-ամյակի միջոցառումների շրջանակում հոկտեմբերի 17-ին կայացավ միօրյա խորհրդաժողով, որտեղ ելույթով հանդես եկավ Մելանյա Բալայանը.

Հոկտեմբերի 19-ին կայացած Հայ Օգնության Միության 115-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը օրհնության խոսքով հանդես է եկել Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Հոկտեմբերի 21-ին Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը թեմի գրասենյակում ընդունել է Հայ Օգնության Միության (ՀՕՄ) 115-ամյա հոբելյանի կապակցությամբ Հայաստանի Հանրապետություն ժամանած ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության անդամներին և ՀՕՄ-ի կենտրոնական գրասենյակի պատասխանատուներին՝ ատենապետուհի Արուսյակ Մելքոնյանի առաջնորդությամբ։ Հանդիպման ընթացքում թեմի առաջնորդը ևս մեկ անգամ իր շնորհավորանքներն ու օրհնությունը փոխանցեց ՀՕՄ-ի հոբելյանի առթիվ՝ ընդգծելով կազմակերպության դարավանդ գործունեության բացառիկ նշանակությունն ու անփոխարինելի առաքելությունը համահայկական կյանքում։ Վրթանես սրբազանը հատկապես բարձր գնահատեց ՀՕՄ-ի նվիրումն ու հետևողական աշխատանքը թե՛ հայրենիքում, թե՛ Սփյուռքում՝ շեշտադրելով նաև կառույցի կարևոր դերակատարությունը Արցախի անկախ Հանրապետության բարգավաճման, հանրային կյանքի տարբեր ոլորտների զարգացման, ինչպես նաև՝ ազգային արժեքների պահպանման գործում։

Սրբազան հայրը հատկապես ընդգծեց և բարձր գնահատեց ՀՕՄ-ի աջակցությունը 2020-2023 թվականներին տեղի ունեցած արցախահայության ողբերգական իրադարձություններից և առանձնապես արցախահայության բռնագաղթից հետո կառույցի անմիջական արձագանքը, իրականացրած մարդասիրական օժանդակության ծրագրերն ու շարունակական աջակցությունը տեղահանված արցախցիներին։

ՀՕՄ-ի ներկայացուցիչները իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության, բարեմաղթանքների և գնահատանքի համար՝ վերահաստատելով կազմակերպության պատրաստակամությունը շարունակելու ծառայել հայրենիքին, ազգային ինքնությանը և մարդասիրական արժեքներին։

Հանդիպումն անցավ ջերմ ու կառուցողական մթնոլորտում։

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE