«Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողով
Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի խոսքը «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովին.
Հարգարժան ներկաներ,
Նախևառաջ, Ձեզ եմ փոխանցում Վեհափառ Հայրապետի ջերմ ողջույներն ու հայրական օրհնությունն այս համաժողովին:
Հայ Առաքելական Եկեղեցին, լինելով Քրիստոսի խոսքի, Ավետարանի տարածողն ու պահպանողը հայ ժողովրդի մեջ, դարերի ընթացքում ձեռք է բերել բացառիկ տեղ ու նշանակություն հայկական ինքնության համակարգում։ Եկեղեցու բուն առաքելությունը թեև հոգեփրկչական է և ներառում է ավետարանի քարոզություն բոլոր ազգերին ու ժողովուրդներին, սակայն, երբեք չի բացառում առանձին ազգերի կյանքում հեղափոխող և անփոխարինելի կառույց լինելու հնարավորությունը։ Հայ Առաքելական Եկեղեցին ևս ժամանակի հոլովույթներում, պատմական ու քաղաքական տեղեշարժերի արդյունքում իր ժողովրդին հավատարիմ և նվիրված ծառայությամբ դարձել է հայկական ինքնության հենասյուներից մեկը, առանց որի արդեն իսկ բարդ է պատկերացնել վերջին 2 հազարամյակի հայ մշակութային, գրական և քաղաքական միտքը։
Սահակ Պարթևի, Հովհան Օձնեցու, Ներսես Աշտարակեցու, Գևորգ Սուրենյանցի, Գևորգ Չորեքչյանի նման հայրապետներն են դարեր շարունակ պետականություն ունենալու պարգևից զրկված հայ ազգին սնուցել ազատության, անկախության և բարօր ապագայի տեսիլքով և արել ամեն ինչ այդ ամենը իրականություն դարձնելու համար։
Եկեղեցին մշտապես առաջնորդվել է Քրիստոսի պատգամով՝ «Գնացէ՛ք, տուէ՛ք կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»(Մատթ. 22։21)։ Պետության հզորացմանը ծառայելը, ազգին մտահոգող հարցերին հոգածու լինելը երբեք Եկեղեցուն չի խանգարել իր հոգևոր ծառայությունն իրականացնելիս։ Ընդհակառակը. Այսօր մեր Սփյուռքի Հայոց թեմերի փորձառությամբ տեսնում ենք, որ Քրիստոսի խոսքի քարոզչությունը և ազգային արժեքների պահպանությունը դարձել են միմյանց փոխլրացնող գործառույթներ Եկեղեցու կյանքում։
Այսօր ևս, պետականության գոյության պայմաններում, նույնն է Եկեղեցու որդեգրած մոտեցումը և դիրքորոշումը։ Եկեղեցին մշտապես կանգնած է ազգայինի, պետականամետի ու արդարադատի կողքին։
Անշուշտ, մշտապես փորձեր են արվել և արվում են Եկեղեցու դերը նսեմացնելու, պատմագրության մեջ Եկեղեցին սևացրած ներկայացնելու, հատկապես Խորհրդային աթեիզմի տարիներին, սակայն այդ փորձերը սին են և մարտնչում են Ճշմարտության դեմ։ Հետաքրքրական է, որ վերջին շրջանին պետական ու արտաքին հովանավորչությամբ հրապապարկ է նետվել նոր պսեվդոպատմական թեզ՝ իբր Եկեղեցին մշտապես պայքարել է հայոց պետականության և անկախության դեմ, որպեսզի հաստատի իր իշխանությունը։ Կարծում ենք ակներև է այս ամենի անհիմն ու մտացածին լինելը պատմական վերլուծական միտք ունեցող ամեն մարդու համար։
Եկեղեցին, լինելով աստվածահաստատ կառույց, հզոր է ոչ թե դրամով, ոչ թե սրով, այլ՝ Աստծո խոսքով, որը Ճշմարտության խոսք է։ Եկեղեցու զենքը միշտ եղել է Ճշմարտությունը, և այդ ճշմարտությամբ զորացած ազգն է, որ կենսունակ է եղել ու հասել մինչև 21-րդ դար։ Եկեղեցին, լինելով այդ ճշմարտության կրողն ու տարածողը հայ ազգի կայնքում, այսօր էլ քարոզում է նույնը, ինչ քարոզել է դարեր շարունակ։ Այն է՝ հավատարմություն Աստծուն, պետությանը, արժեքներին։ Հարաբերական արժեքների, շուկայական հարաբերությունների այս դարաշրջանում ազգեր են ձուլվում, կորցնում իրենց մնայուն արժեքները։
Չափազանցված չի լինի ասելը, որ օտարի սուրն այն արդյունավետությամբ չի կարող ձուլել ազգին, ինչ ուժով որ ձուլում է օտարի ոսկին։
Հայ ազգի կյանքում հիմա ծանր ու դժնդակ օրեր են։ Բռնի հայաթափված է Արցախը, ամուր չեն պետականության հիմքերը, անապահով են Հայաստանի սահմանները, ժողովրդի աչքերում անորոշության և անհուսության մշուշն է երևում։ Հասարակության առջև ծառացած խնդիրները լուծելուն են ուղղված Եկեղեցու բոլոր ջանքերը։ Այսօր առավել քան երբևէ զգացվում է միավորող կառույցի, համախմբող ուժի կարիքը, և այդ ուժը Հայ Առաքելական Եկեղեցին է։
Մինչ քաղաքական հակառակ բևեռներն անհաշտորեն չեն կարողանում գալ միասնական դիրքորոշումների, Եկեղեցին է, որ բարձրացնում է հետևյալ սկզբունքը, որ «Ազգային արժեքների, հայի ինքնության և հայկական պետականության շահը վեր է ամեն ինչից»։
2023 թվականի Արցախի շրջափակման ամիսներին Եկեղեցին հսկայական ջանքեր գործադրեց՝ մեղմացնելու համար Արցախի հայորդիների ցավն ու դժվարությունները։ Երբ Հայաստանի իշխանությունները անուշադրության ու անտարբերության էին մատնել Արցախը, այդ օրերին Հայաստանից միակ բարձր պաշտոնատար անձը, որ այցելեց Արցախ, Ամենայն Հայոց Հայրապետն էր։ Արցախից բռնագաղթի օրերին վշտակիր արցախցիներին առաջինը հայ հոգևորականն էր դիմավորում Հայաստանում և հոգևոր խնամք տածում նրանց հանդեպ։ Արցախից Հայաստան եկող վերջին անձինք ևս հոգևորականներն էին՝ Դադիվանքում ծառայություն մատուցող վանականները։ Այսօր էլ Եկեղեցին է մնացել այն եզակի կառույցը, որ չի դադարում կորսված Արցախի վերադարձի ուղղությամբ համակարգային և ինստիտուցիոնալ գործողություններ մշակել և իրականացնել։ Մինչ Արցախի պետականությունը համառորեն մնում է չճանաչված, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը շարունակում է իր գործունեությունը որպես համընդհանուր կերպով ճանաչում ունեցող իրավական կառույց։
Այս ամենը միմիայն գալիս են ապացուցելու այն փաստը, որ Եկեղեցու կարևորությունը հայկական ինքնության համակարգում անուրանալի ու անջնջելի է։ Քրիստոնեական իմաստով Եկեղեցին ազգի կյանքում ապագայի հանդեպ հույսի, հավատի և ազգային սիրո գիտակցության ջահակիրն է։ Առանց այս ամենի մեր բոլոր ազգային, պետական և հասարակական ձեռնարկումները դատապարտված են ձախողման:
Օբյեկտիվ և սուբյեկտիվ տարբեր պատճառներով, ոչ մի քաղաքական, կուսակացական ուժ ժողովրդի կյանքում այնքան վստահություն չունի և ապագայի հանդեպ հավատ չի ներշնչում, որքան Հայ Եկեղեցին։ Այսպիսով, Եկեղեցու բացառիկ առաքելությունը ճանաչելով և նրա շուրջ համախմբվելով է, որ կարող ենք երկիրը այսօր դուրս բերել խորը հոգևոր և քաղաքական ճգնաժամից։ Աստծո և ճշմարտության ձայնին ունկնդիր լինելով է, որ կարող ենք հասնել մեր ազգային իղձերի իրագործմանը։