Սուրբ Աստվածածնի եկեղեցու ավերումը՝ ցավալի ազդակ Արցախից

Սուրբ Աստվածածնի եկեղեցու ավերումը՝ ցավալի ազդակ Արցախից

ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԱՎԵՐՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Սրտի խորը ցավով խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի օկուպացիոն վարչակազմի կողմից Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու հիմնահատակ ավերումը։ 2019 թվականի օծումից ի վեր Սուրբ Աստվածածին եկեղեցին ստեփանակերտցիների և բոլոր արցախցիների համար դարձավ ամենասիրված տաճարներից մեկը և Արցախի հոգևոր կյանքի կենտրոնը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ եկեղեցին ՄՈՐ նման իր հովանու ներքո պատսպարեց հազարավոր մարդկանց։ Սա պարզապես եկեղեցու քանդում չէ, այլ համակարգված, նպատակային և պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանություն, որը շարունակվում է ողջ աշխարհի աչքերի առաջ։ Այս վանդալիզմն ուղղված է Արցախում հայկական պատմական հիշողության, մշակույթի և հոգևոր ներկայության վերջնական վերացմանը։ Միջազգային կառույցների կողմից որքան էլ անարձագանք մնան մեր դատապարտումներն ու արդար պահանջները՝ Արցախում մշակութային եղեռնի կանխման հարցում, միևնույն է մենք, Ավետարանական այրի կնոջ պես, անընդհատ պահանջելու ենք մեր արդար դատն ու իրավունքը, քանզի Արցախի հայ բնակչության վերադարձի և իր բնօրրանում ապրելու իրավունքը չի կարող վիճարկման հարց դառնալ։

Ուստի վերստին կոչ ենք անում աշխարհի քաղաքակիրթ հասարակությանը, միջազգային համապատասխան կառույցներին, մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող կազմակերպություններին, ինչպես նաև բոլոր քրիստոնյա և մահմեդական պետություններին՝ միջամտել և դադարեցնելայս ակնհայտ վանդալիզմն ու կանխել համաքրիստոնեկան արժեք հանդիսացող Արցախյան հոգևոր-մշակութային ժառանգության ոչնչացումը։

Դիմում ենք Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ բոլոր հասանելի միջոցներով ազդել Ադրբեջանի վրա ու կանխել Արցախում մշակութային եղեռնը։

Աստված օրհնի մեր ժողովրդին և այս դժվարին պահին ամոքի ու մխիթարի սիրելի արցախահայությանը։ ԱՄԵՆ

WP Radio
WP Radio
OFFLINE LIVE